Ըստ ամենայնի՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շուտով կհայտնվեն ազատության մեջ: ԱԺ-ն այսօր 104 կողմ, 0 ձեռնպահ և 2 դեմ ձայներով հավանություն տվեց ՀՀ նախագահի առաջարկությանը` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին: Համաներման բովանդակությունից կարելի ենթադրել, որ իրենց հայացքների համար անազատության մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացի ազատ կարձակվեն: Համենայն դեպս, հանրությանը մինչ այժմ որպես այդպիսին հայտնի են Տիգրան Առաքելյանը և Վոլոդյա Ավետիսյանը:
Համաներումը նրանց հնարավորություն կտա շարունակելու իրենց պայքարը ազատության մեջ, բայց սրանով հարցերը չեն սպառվում: Դրանք, հակառակը, ավելանում են: Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը դեռևս մութ կողմեր ունի: Նկատի ունենալով, որ համաներման գաղափարը դժվար թե երկու օր առաջ ծագած լիներ իշխանության գլխում, տրամաբանական հարց է առաջանում` Ավետիսյանին ձերբակալեցին մի քանի օրից համաներմամբ ազատելու համա՞ր: Ո՞րն էր նպատակը` վախեցնե՞լ նրան, կամ ի դեմս նրա, մյուս ակտիվ ազատամարտիկներին: Կամ` եթե Ավետիսյանը իսկապես 2000 դոլար է շորթել քաղաքացուց, ապա ինչո՞ւ է ներվում նրան այդ հանցանքը: Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ամենագլխավորը նրա` անազատության մեջ անցկացրած տարիների փոխհատուցման հարցն է: Դատավարության ընթացքում պարզված ակնհայտ սուտ մեղադրանքների հիմքով ազատազրկված Տիգրանը իր կյանքի երկու տարուց ավելին անցկացրել է բանտում: Եվ նույնիսկ եթե Հայաստանում գործեր բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, համաներման դեպքում այն չէր կիրառվի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ